Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հանգստի, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների կազմակերպման, համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:
Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից: Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի: Հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով:
Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով: Խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը, բաօթյա խարույկի տարծքը: Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ:
Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը՝ իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային ժառանգությամբ հանդիսանում է հանգստի և զբոսաշրջության ամենասիրելի ուղղություններից մեկը Հայաստանում: